22/04/2017 14:22
Զբոսաշրջիկները Գարգառի բնությունը նմանեցնում են Շվեյցարիայի բնապատկերներին
Մոտ 1400 բնակչություն ունեցող Լոռու մարզի Գարգառ (հնում՝ Գյառգյառ) գյուղը գրավում է օտարազգի զբոսաշրջիկներին հենց գյուղ տանող թունելից:
Գյուղապետ Կարեն Զալինյանը Aysor.am-ին պատմեց, որ գյուղը «Գարգառ» են անվանակոչել թուրքերը, այն բանից հետո, երբ արժանացել են գյուղի բնակչության կողմից ուժեղ դիմակայության. «Գյառգյառ» թուրքերենից թարգմանաբար նշանակում է «հպարտ-հպարտ»:
Ունենալով 12 հյուրատուն և մի քանի դեռ ոչ այնքան հայտնի պատմական հուշարձաններ՝ Գարգառն այսօր հնարավորություն ունի դառնալու Հայաստանի զբոսաշրջության կարևորագույն գրավիչ վայրերից մեկը:
Aysor.am-ի թղթակիցը հետաքրքրվեց գյուղապետից, թե ի՞նչն է ամենից շատ գրավում զբոսաշրջիկներին, նա պատմեց, որ շատերը, հատկապես, գարնանը Գարգառի բնությունը և լեռները նմանեցնում են Շվեյցարիայի բնապատկերներին: Օրինակ՝ մի քանի օր առաջ իրենց հյուրատներից մեկում իսպանացիներ էին ապրում, մինչ այդ, հյուրընկալել են կորեացի և գերմանացի զբոսաշրջիկների:
Բազումի լեռնաշղթայի աջ կողմում է գտնվում Ալեքսանդր Պուշկինի «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» ճամփորդական նոթերում նկարագրված այն վայրը, որտեղ նա հանդիպել է Գրիբոյեդովի դիակը փոխադրող սայլվորներին: Այդ դրվագը պատկերող հուշարձանը հենց այդ լեռնանցքից տեղափոխվել է ներքև՝ ճանապարհի վրա, ինչը, ինչպես տեղեկացրեց գյուղապետը, շատ է այցելվում Ռուսաստանի դեպսանության ներկայացուցիչների կողմից:
Գյուղում կա Յամոս անունով սար, որտեղ, համաձայն մի շարք արձանագրությունների, մ.թ.ա 3-րդ հազարամյակի Կիկլոպյան ամրոց է եղել: Սակայն դա հստակ ապացուցելու համար դեռ անհրաժեշտմ հետազոտական աշխատանքներ պետք է տարվեն:
Այդ նույն սարի վրա է գտնվում 20-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը վերջերս է վերանորոգվել և վերաօծվել: