22/04/2017 16:23
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցմանը
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը դեմ է հանդես եկել «վաղաժամ որոշումներին» և Թուրքիայի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցի հանրաքվեից հետո ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցմանը, փոխանցում է ТАСС-ը:
«Թուրքիայում այս պատմական քվեարկությունից հետո մենք պետք է դարձյալ քրտնաջանորեն հավաքենք երկխոսության թելերի մասերը և միասին հյուսենք», - հայտարարել է նա՝ Rheinische Post պարբերականի հետ հարցազրույցում:
Գաբրիելը նշել է, որ մի շարք թեմաներ կան՝ լրագրող Դենիզ Յուջելի կալանավորումից մինչև Սիրիայի ճգնաժամի կարգավորումը, որոնք Անկարայի հետ քննարկում են պահանջում:
«Վերջին հաշվով, Թուրքիան ինքը պետք է որոշի՝ ցանկանում է ԵՄ-ից էլ ավելի շատ հեռանալ: Ամեն դեպքում մենք մեր կասկածները չենք թաքցրել վերջին ամիսներին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ», - ասել է Գաբրիելը:
«Այն, ինչ այնտեղ տեղի է ունենում՝ պատգամավորների, ընդդիմադիրների, լրագրողների կալանավորումները, այս ամենն ամենևին չեն համապատասխանում ժողովրդավարական ստանդարտներին», - ամփոփել է Գերմանիայի ԱԳ նախարարը: