22/04/2017 13:15
Գոշ լճի տարածքում, ինչպես նախարարը խոստացել էր, տիղմը դեռ չի մաքրվել
Գոշ լճի հարակից տարածքում թրթուրավոր տրակտորով ինքնագործունեություն իրականացնելու համար «Դիլիջան» ազգային պարկի աշխատակցի՝ մասնավորապես, տարածքի անտառապահի նկատմամբ նկատողություն է հայտարարվել: Այդ մասին այսօր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանրային քննարկման ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ, քաղհասարակության նույն ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարարը հայտարարել էր, որ Գոշ լճի տարածքում թրթուրավոր տրակտորով ինքնագործունեությունը անօրինական է, և այդ կապակցությամբ «Դիլիջան» ազգային պարկում ծառայողական քննություն էր նշանակվել:
Նույն հանդիպման ժամանակ Ա. Մինասյանը նաև ասել էր, որ շուտով լճի մոտակա ափերի շուրջ գոյացած տիղմը ձեռքով տարածքից կհեռացվի, և լիճը առաջիկա մեկ ամսվա ընթացքում կվերականգնվի: Այսօրվա հանդիպման ժամանակ էլ նախարարը նույնն ասաց՝ նշելով, որ տիղմի մաքրման աշխատանքները կիրականացնի «Դիլիջան» ազգային պարկը տարածքի վարձակալ «Վենդոռ» ՍՊԸ-ի ֆինանսավորմամբ:
Արծվիկ Մինասյանը հայտարարեց նաև, որ իրենք հետամուտ են լինելու, որ Գոշ լճի տարածքում ինքնագործունեության նախաձեռնողը պատասախանատվության ենթարկվի:
«Այժմ բնապահպանական տեսչությունը իրականացնում է վնասի չափի գնահատման աշխատանքներ, որպեսզի պատասխանատվությունը որոշակի լինի», - ասաց նախարարը:
Հիշեցնենք՝ 2015-ին մրցույթի արդյունքում Գոշ լճի տարածքը՝ շուրջ 3,8 հա, հանձնվել է «Վենդոռ» ՍՊԸ-ին՝ էկոտուրիզմի գործունեություն ծավալելու համար: