22/04/2017 13:33
Երևանի ավագանու ընտրություններ. «ԵԼՔ»-ը խոստանում է խիստ ուշադրություն դարձնել տրանսպորտում վարորդների տեսքի, պահվածքի ու հնչող երաժշտության վրա
Երևանի ավագանու ընտրություններին «ԵԼՔ» դաշինքը մասնակցում է «Երևան ջան, ելք կա» կարգախոսով։
Եթե «ԵԼՔ»-ը ստանա երևանցիների վստահության քվեն ու ստանձնի Երանի քաղաքային իշխանությունը, ապա առաջիկա հինգ տարիներին մայրաքաղաքում կիրականացնի մի շար քայլեր, որոնցից առաջնայինը ավտոբուսային միջանցքի ձևավորումն է, երբ պողոտաների երթևեկելի գծերից մեկը պիկ ժամերին կհատկացվի բացառապես ավտոբուսների ու տրոլեյբուսների երթևեկությանը:
Տրանսպորտի հարցը, թերևս, դաշինքի առաջնային պլաններից է։
Դաշինքը խոստանում է ավտոբուսների, տրոլեյբուսների, մետրոպոլիտենի կողմից ուղևորափոխադրումների չափաբաժինը առաջիկա հինգ տարիներին հասցնել 80 տոկոսի՝ ներկայիս 46 տոկոսի փոխարեն:
Եթե «ԵԼՔ»-ին հաջողվի անցնել քաղաքային իշխանության, ապա խստագույնս միջոցներ են ձեռնարկելու, որ քաղաքային տրանսպորտի վարորդների արտաքին տեսքը, պահվածքը, տրանսպորտային միջոցների մաքրությունն ու տեխնիկական լինի պատշաճ վիճակի։
«ԵԼՔ»-ի խիստ հսկողության տակ է լինելու տրանսպորտում հնչող երաժշտության հարցը։
Դաշինքն իր ուշադրության կենտրոնում է պահելու Երևանի տարբեր հատվածներում առնվազն հինգ լողավազան-լճակների հիմնադրումը՝ որպես ամառային հանգստի գոտիներ։
ԱԺ ընտրությունների ժամանակ ամենաշատ քննարկման առարկա դարձած թեման՝ դպրոցների տնօրենների՝ ընտրական պրոցեսներում ներգարվվելու հարցը լինելու է «ԵԼՔ»-ի գլխավոր տեսլականներից մեկը։ Դաշինքը կձևավորի ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի Երևանի կրթական հաստատությունների ղեկավարների կողմից ընտրական պրոցեսին ապօրինի միջամտությունների մասին ահազանգերը, իսկ ընտրական պրոցեսին ապօրինի միջամտություն ցուցաբերած տնօրենները կազատվեն աշխատանքից:
Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված միակ դաշինքը վերահսկողության տակ է առնելու դպրոցական ճաշարաններում մատուցվող սննդի հարցը։
Դաշինքն իր՝ քաղաքային իշխանություն լինելու ժամանակ բացառում է Երևանում որևէ ճարտարապետական հուշարձանի ապամոնտաժումը կամ ձևախեղումը, բանակցություններ կսկսի UNESCO-ի ու մասնավոր ներդրողների հետ՝ «Հին Երեւան» նախագիծը կյանքի կոչելու համար:
«ԵԼՔ»-ի՝ քաղաքապետարանը գլխավորելու ժամանակ կստեղծվի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու մայրաքաղաքի մատչելիությունն ապահովող հարցերով զբաղվող վարչություն:
Ձնամաքրման աշխատանքները նույնպես տեղ են գտել դաշինքի ծրագրում. կներդրվի ձյունամաքրման նոր համակարգ, որն օդերևութաբանական ծառայությունների հետ համագործակցությամբ ձնամաքրման աշխատանքները կսկսի ձյունը տեղալուց առաջ:
Քաղաքային իշխանություն լինելու ժամանակ «ԵԼՔ»-ը բացառում է, որ աղբարկղերը կտեղադրվեն այնպիսի վայրերում, որը կխոչընդոտի երթևեկությանը:
Եթե դաշինքը հաղթանակ տանի այս ընտրություններում, ապա Երևանի Լենինգրադյան փողոցը կվերանվանի Լեոնիդ Ազգալդյանի անունով:
«ԵԼՔ»-ի ծրագրում մի հետաքրքիր դրույթ կա. եթե նրանք հաղթանակի հասնեն՝ կուսումնասիրեն բետոնե կտուր ունեցող ավտոտնակների տանիքների վրա խաղահրապարակներ ստեղծելու հնարավորությունը:
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին «ԵԼՔ» դաշինքի ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը։
Նախընտրական քարոզչությունը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն և նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ինչպես նաև «Ելք» դաշինքը: