22/04/2017 09:58
ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ նաև աշխատանքի և սոցիալական հարցերի կամ առողջապահության նախարարությունից որևէ մեկը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Դաշնակցություն կուսակցությունը իշխանությունների հետ քննարկում է ապագա կառավարությունում ևս մեկ նախարարություն ձեռք բերելու հարցը։ Գործող կառավարությունում ՀՅԴ-ն ունի երեք նախարար։
Հիշեցնենք. Դաշնակցությանն էին տրված տարածքային կառավարման, կրթության և գիտության ու բնապահպանության նախարարությունները։ Բայց քանի որ ապրիլի 2-ի ընտրություններին ՀՅԴ-ն նախկինից մի փոքր շատ՝ 7 տոկոս ձայն է ստացել, ցանկանում է ևս մեկ նախարարի պորտֆել իր օգտին ավելացնել։ ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ նաև աշխատանքի և սոցիալական հարցերի կամ առողջապահության նախարարությունից որևէ մեկը. Դրանք բավական լայն ընդգրկում ունեն և ամենաշատ ֆինանսներ ստացող ու ծախող գերատեսչություններն են։ Ի դեպ, սոցիալական, առողջապահության և կրթությանն ուղղված գումարներն իրենց մեծությամբ ՀՀ բյուջեի առաջին շարքերում են։
Թերթը փորձել է իշխանություններից պարզել, թե այդ առումով ինչ քննարկումներ ունեն ՀՅԴ-ի հետ։ «Կոալիցիայի վերաբերյալ հարցերը պարզ կդառնան առաջիկայում, դեռ որոշակի պայմանավորվածություն չկա», - պատասխանել է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։