22/04/2017 15:36
«Առաջարկում եմ աշխատեք անտառապետ». նախարարը՝ իր հետ հանդիպման եկած ինժեներին
Քաղհասարակության ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը, որն այսօր հանդիպում էր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ, մտահոգություն հայտնեց անտառահատումների կապակցությամբ:
«Ոչ մի գյուղացի ռիսկ չի անի առանց անտառապահի թույլտվության մտնել անտառ ու հատել ծառերը», - դիմելով նախարարին՝ ասաց Ավետիսյանը:
Նախարարը նրանից հետաքրքրվեց, թե ո՞վ է Ավետիսյանը մասնագիտությամբ և երբ իմացավ, որ ինժեներ է, հետաքրքրվեց, թե աշխատանք ունի՞, և երբ դրական պատասխան ստացավ, հարցրեց. «Կուզենա՞ք այդ աշխատանքը փոխարինել այլ աշխատանքով»: Ավետիսյանն ի պատասխան ասաց, թե չի փոխի, բայց, հավանաբար, կաջակցի:
«Ես խնդրում և հորդորում եմ գնաք ու աշատեք անտառապետ», - դիմելով Ավետիսյանին՝ առաջարկեց բնապահպանության նախարարը:
Ինժեների հարցին՝ որտե՞ղ, Մինասյանը պատասխանեց. «Որտեղ ձեր սիրտը կուզի»:
Ավետիսյանն ասաց, որ իր համար ցանկալի կլինի Լոռու մարզը, քանի որ արմատներով կապված է այդ մարզի հետ, և Մինասյանը արձագանքեց. «Նախարարությունը կուսումնասիրի այդ մարզում իր իրավասության տակ գործող տնտեսությունները և ձեզ առաջարկ կներկայացնի»:
Ավետիսյանը նաև ասաց, որ քաղաքական կամք է պետք գործադրել, որպեսզի անտառները չհատվեն, բնությունը չավերվի: Արձագանքելով Ավետիսյանի այդ հայտարարությանը՝ նախարարրը հարց տվեց. «Դուք կասկածո՞ւմ եք իմ կողմից կամքի դրսևորմանը»:
«Մենք բոլորին ենք արդեն կասկածում», - հնչեց պատասխանը: