22/04/2017 10:53
ԱՄՆ Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այս մասին ասված է Վայոմինգ նահանգի նահանգապետ Մեթյու Միդի` ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան թևին ուղղված նամակում, գրում է «Ասպարեզը»:
«Թե՛ հայերի, թե՛ հրեաների հոլոքոստի դաժանության աստիճանն ուղղակի հնարավոր չէ պատկերացնել: Բոլորս պետք է հիշենք մի բան` պատմությունը չպետք է կրկնվի», - ասված է նամակում:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան թևի ղեկավար Նորա Հովսեփյանը պատասխան նամակում շնորհակալություն է հայտնել նահանգապետին` պատմությանն արդարությամբ անդրադառնալու համար:
«Այս ճանաչումով հարգանքի տուրք է մատուցվում նաև այն խիզախ վայոմինգցիներին, ովքեր աջակցում էին Ցեղասպանությունից փրկված հայ մանուկներին ապաստան տրամադրած մանկատներին»,- ասված է Հայ դատի հանձնախմբի պատասխան նամակում:
Նշենք, որ Վայոմինգը ԱՄՆ 45-րդ նահանգն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: