22/04/2017 14:47
Ժամանակն է, որ օրենքում հստակ ամրագրվի նաև քաղաքական բանավեճի դրույթը, այդպես երևում է՝ ով ով է. Վիգեն Հակոբյան
Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանում բացակայում է քաղաքական բանավեճի մշակույթը։
«Հայաստանում, ցավոք, ընտրությունների ժամանակ բանավեճի կուլտուրան իսպառ բացակայում է։ Միայն ավագանու ընտրություններում չէ, որ այս երևույթը նկատելի է, սա նոր երևույթ չէ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ տասնամյակների ընթացքում ձևավորված ավանդույթ է, որ բանավեճ չի լինում, բոլորը խուսափում են դրանից։
Վիգեն Հակոբյանն ասում է՝ եթե քաղաքական այդ մշակույթը ոչ մի կերպ չի ստացվում, ապա դա պետք է անպայման պարտադիր ամրագրվի։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ բանավեճի ընթացքում ընդգծվում է մարդկանց ոչ միայն ծրագրային թույլ կողմերը, այլ նաև մարդկային թուլություններն են շատ դեպքերում զգացվում։
«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ, օրինակ, կային թեկնածուներ, ովքեր եթերում ընդհանրապես չէին խոսում, բայց թերթերում հարցազրույցներ էին տալիս։ Կարծում եմ, որ այդ մարդիկ իրենք չէին գրում այդ հարցազրույցները։ Նման երևույթները բանավեճերի ժամանակ միանգամից բացահայտվում են։ Տեսնում ենք, թե իրականում ով ով է։ Տեսնում ենք, թե տվյալ մարդկանց հետևում քաղաքական տեխնոլոգներ և խորհրդականներ են կանգնած, թե ինչ-որ բան իրենք են իրենցից ներկայացնում», - ասաց Վիգեն Հակոբյանը։
Դրա համար էլ, քաղտեխնոլոգը կարծում է, որ արդեն ժամանակն է, որպեսզի ընտրական օրենսգրքում հստակ գրված լինի, որ թեկնածուները պարտավոր են մասնակցել բանավեճերի։
«Չմասնակցելու դեպքում նրանց պետք է հանել թեկնածուի կարգավիճակից։ Աշխարհի ցանկացած երկրում, եթե նույնիսկ բանավեճի մասին գրված էլ չի օրենքում, ապա, որպես չգրված օրենք, այն գործում է, և եթե հանկարծ ինչ-որ մեկը չի մասնակցում նման բանավեճերի, ապա դա վճռորոշ է լինում իր համար», - նշեց Վիգեն Հակոբյանը։