22/04/2017 11:45
Նախքան քարոզարշավի մեկնարկը քաղաքացիների 61.2 տոկոսը քաղաքապետի պաշտոնում տեսնում է Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)
Gallup International Association-ի Հայաստանյում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ-ն ավագանու ընտրություններին ընդառաջ ապրիլի 12-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում անցկացրել է հարցում՝ պարզելու, թե մինչև քարոզարշավի մեկնարկը քաղաքապետի թեկնածուներից ով որքան վարկանիշ ունի:
Տնօրեն Արման Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հարցումներին մասնակցել է 1044 մարդ:
«Մասնակցիների 62.3 տոկոսը նշել է, որ Երևանի հիմնախնդիրները կարող է լուծել Տարոն Մարգարյանը, 12.1 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանը և 4.2 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանը», - նշեց նա:
Հարցվածների 54,3 տոկոսը նշել է, որ անպայման մասնակցելու է մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին, 24.2 տոկոսը ավելի շուտ կմասնակցի ընտրություններին, ավելի շուտ չի մասնակցի՝ 6.7 տոկոսը, հաստատ չի մասնակցի 9.4 տոկոսը, իսկ 5.4 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հարցին, թե ո՞ւմ են ձայն տալու, քաղաքացիների 61.2 տոկոսը նշել է, որ ձայնը տալու է Տարոն Մարգարյանին, 11,5՝ Նիկոլ Փաշինյանին և 3,9 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանին:
«Հետաքրքիր է, որ Զարուհի Փոստանջյանն ավելի բարձր ցուցանիշ է գրանցել, քան՝ ՕՐՕ դաշինքում հավաքված ուժերը միասին», - ընդգծեց Նավասարդյանը:
Նա նշեց, որ հարցումների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 1-ից 10-ը, արդյունքները կհրապարակվեն մայիսի 12-ին: