22/04/2017 13:04
Աճուրդի դրված պետական մարգարիտների 1 գրամի գինը 60 դրամ է
ՀՀ Ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալությունում հաշվառված և պետական սեփականություն համարվող մարգարիտների աճուրդը, որը մեկնարկել էր մարտի 30-ին, շարունակվում է և կավարտվի մայիսի 2-ին, այդ մասին Aysor.am-ը տեղեկանում է Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աճուրդի կենտրոնից:
Աճուրդի դրված մարգարիտները 50-նն են, օվալաձև, որոնց ընդհանուր քաշը կազմում է 102 կգ 793 գրամ: Նրանց 1 գրամի գինը գնահատվել է 60 դրամ: Յուրաքանչյուրը 230 գրամից ավելի է:
Նկատենք, որ օրերս լրագրողների հետ ճեպազրույցում Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հայտարարել էր, որ աճուրդի դրված մարգարիտների նկատմամբ հետաքրքրություն, պահանջարկ չկա, և աճուրդին հայտեր չեն ներկայացվել:
Հիշեցնենք՝ դեռևս փետրվարի 2-ին կառավարության նիստում ընդունվել էր որոշում՝ պետական գանձարանում պահվող, աճեցված (կուլտիվացված) 102 կգ 793գ մարգարիտը վաճառքի հանելու մասին:
Ըստ կառավարության որոշման նախագծի, մարգարիտը վաճառելու նպատակը պետական բյուջեում եկամուտների ավելացումն ու նոր մուտքերի ապահովումն է: Նախագծի հիմավորման մեջ նշվում էր նաև, որ պետական պահուստներում գտնվող և աճեցված (կուլտիվացված) մարգարիտի պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է, քանի որ այն տարիների ընթացքում կորցնում է իր արդիականությունը և ենթարկվում է քայքայման` կորցնելով ապրանքային տեսքը և արժեքը:
Որոշման նախագծով, սակայն, մարգարիտների գինը չէր հստակեցվել: Պետական գանձարանում պահվող մարգարիտի որակի մասին նույնպես ոչինչ չի ասվում, մինչդեռ, ըստ մասնագետների, մարգարիտն իր մեջ պարունակում է օրգանական նյութ, որը ժամանակի ընթացքում չորանում է ու փտում՝ սահմանելով մարգարտի կյանքի տևողությունը, մի ժամանակահատված, որի ընթացքում մարգարիտն աստիճանաբար «սփրթնում» է, շերտավորվում և քայքայվում։ Բայց ճիշտ խնամքի դեպքում դրանց կյանքը կարելի է երկարաձգել մինչև 200 տարի։ Իսկ դրա համար նախ պետք է այն անընդհատ կրել: