23/04/2017 13:53
Տեղի է ունեցել «Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» առաջին հայերեն ձեռնարկի շնորհանդեսը
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Կարին Գրիգորյանի ու Վահե Բուդումյանի հեղինակած «Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» հայերենով առաջին ձեռնարկի շնորհանդեսը։
«Գիրքը լուսանկարչության ձեռնարկ է, հայերենով լույս է տեսել առաջին անգամ` Անկախությունից ի վեր։ Այն կազմված է երեք մասերից՝ տեսություն, տեխնիկա և բառարան։ Ես հեղինակել եմ տեսություն բաժինը և փորձել եմ շարադրել շատ մտերմիկ, հասկանալի լեզվով այն գիտելիքները, որոնք ես ինքս ձեռք եմ բերել՝ վերջին տարերիներին ուսումնասիրելով լուսանկարչության պատմությունը և դասավանդելով «Մեդիալաբ» կրթական նախագծում», - նշեց գրքի տեսական մասի հեղինակ Կարին Գրիգորյանը։
Ձեռնարկի տեխնիկական և բառարանային մասին հեղինակ Վահե Բուդումյանից Aysor.am-ի թղթակիցը հետաքրքվեց՝ ո՞րն է եղել նման ձեռնարկ ստեղծելու հիմնական պատճառը, ինչին վերջինս պատասխանեց, որ, «Մեդիալաբ»-ում դասավանդելով, հասկացել է, որ հենց իր ուսանողները նման գրականության կարիքն ունեն, քանի որ հայերենով լուսանկարչության մասին նմանատիպ ամբողջական գրքեր չկան։
Հարցին՝ ինչպիսի՞ խորհուրդներ կտար սկսնակ լուսանկարիչներին արդեն որպես որոշակի փորձ ունեցող լուսանկարչի կարգավիճակում, որպեսզի սկսնակները կարողանան հնարավորինս որակյալ կադր ստանալ, նա արձագանքեց․ «Լուսանկարչության տեխնիկայի ասպեկտի դեպքում կարևոր է իմանալ երկու հասկացությունների մասին։ Առաջինը՝ լուսակայումն է ( էքսպոզիցիա – հեղ․), այսինքն՝ ինչպես է լույսը ձևավորում լուսանկարը և ինչպես է դա հնարավոր կարգավորել։ Մյուսը՝ կոմպոզիցիան, առնվազն փորձել գոնե ենթագիտակցական մակարդակում զգալ, թե որ դեպքում կադրը ճիշտ է կառուցված, ինչպես տեղադրել մարմինը կամ օբյեկտը պատկերի տարածության շրջանակի մեջ և այլն»։
Նշենք, որ ձեռնարկի շապիկին պատկերված է ամերիկյան լուսանկարիչ, շարժական լուսանկարներ ստեղծող Էդվարդ Մայբրիջի՝ իր շարժման ուսումնասիրության շարքից արված լուսանկարներից մեկը։