23/04/2017 20:20
Գազալցակայանում պայթյունից մահացած անձը 34 տարեկան էր. Մանրամասներ
ԱԻՆ լրատվական ծառայությունը մանրամասներ է հայտնել Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի մոտ գործող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքից։
Ըստ աղբյուրի, այսօր ժամը 17:20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել, կան զոհ և տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ի հատվածում լիցքավորման ժամանակ պայթել է 44-ամյա Ռ. Գ.-ին պատկանող «Chery» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը, ինչի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներից լցակայանի աշխատակից 34-ամյա Ա. Կ.-ը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազալցակայանի տարածքից Եղեգնաձորի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել 28-ամյա Մ. Հ.-ը և 34-ամյա Գ. Հ.-ը:
Բժիշկները Մ․ Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ․ Հ.-ը՝ բավարար: