24/04/2017 10:39
Աղվան Հովսեփյանը խոստացել է, որ Ջրառատի գործով օրինականությունը կպահպանվի «բարձր մակարդակով»
Ջրառատում գրանցված միջադեպի գործի բացահայտման համար կարվի ամեն ինչ, այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում, լրագրողների հարցերին ի պատասխան, հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
«Կարող եմ վստահեցնել, որ հատկապես այդ գործով օրինականությունը կպահպանվի բարձր մակարդակով, մոտ օրերս դուք արդյունքը կտեսնեք: Այսինքն՝ բոլոր կայացրած որոշումները կլինեն օրենքի սահմաններում և հիմնավորված», - ասաց Հովսեփյանը:
Ջրառատում միջադեպը, հիշեցնենք, տեղի ունեցավ նախընտրական շրջանում: Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ մարտի 14-ին` ժամը 14-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների միջև տեղի ունեցած վիճաբանության հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով գյուղի համայնքապետարանի մոտ հանդիպել են նրանց հարազատները և կողմնակիցները։
Վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը այլ անձանց հետ միասին ծեծի է ենթարկել Մելիք Մելքոնյանին, Հակոբ Մելքոնյանին և անչափահաս Արայիկին, արձակել կրակոցներ, որի արդյունքում Մելիք Մելքոնյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, Հակոբ Մելքոնյանին և անչափահասին՝ միջին ծանրության վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Տ. Սարգսանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Սարգսյանը կալանավորված է: