24/04/2017 14:07
Հայտնի են «Ավրորա» մրցանակի 5 հավակնորդները (Տեսանյութ)
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը այսօր ներկայացրել են 2017 թվականի «Ավրորա» մրցանակի հավակնորդներին: Նրանք հինգն են՝ մայր և դուստր՝ Ֆարթուն ադան և Իլվանդ Էլման՝ Սոմալիից, Ջամիլ Աֆղանի՝ Աֆղանստանից, Մուհամմադ Դարվիշ՝ Սիրիայից, Դենիս Մուկվեգեն՝ Կոնգոյից, Թոմ Կաթինան՝ ամերիկացի բժիշկ, որը աշխատում է Սուդանում: Հավակնորդների թվում հայեր չկան:
Ներկայացնելով Ֆարթուն Ադանին և նրա դստերը՝ Նուբար Աֆեյանն ասաց, որ նրանք հիմնադրել են «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը, որի միջոցով Սոմալիում պայքարում են խաղաղության հաստատման համար, զբաղվում են երեխա զինվորականների վերականգնման գործով:
Ռուբեն Վարդանյանի ներկայացմամբ, մյուս հավակնորդ Ջամիլա Աֆղանին Աֆղանստանում զբաղվում է աղջիկների և կանանց իրավունքների պաշտպանությամբ, նրանց կրթությամբ:
26-ամյա Մուհամմադ Դարվիշը բժիշկ է, Սիրիայում և, Մուրադ Աֆեյանի ներկայացմամբ, բժշկական օգնություն է տրամադրում պատերազմի վիրավորներին: «40 հազարանոց քաղաքի 3 բժիշկներից մեկն է», - ասաց Աֆեյանը:
Մյուս հավակնորդ Դենիզ Մուգաբեն, ինչպես Ռուբեն Վարդանյանն ասաց, օգնում է պատերազմի ժամանակ բռնաբարության ենթարկված կանանց: «Նրա շնորհիվ հազարավոր կանայք փրկվել են», - ասաց Վարդանյանը:
Վերջին՝ 5-րդ թեկնածուն Թոմ Կաթինան է, ամերիկացի բժիշկ է և գործունեություն է ծավալում Սուդանի հարավի Նուբա լեռներում աշխատող միակ վիրաբույժն է։ Թոմ Քաթինան միակ վիրաբույժն է 750 հազար բնակիչ ունեցող մի տարածաշրջանում, որն իր չափերով հավասար է Ավստրիային։
«Տարեկան 1000-ից ավելի վիրահատություն է անում և օրական 400 հիվանդ խնամում», - ասաց Նուբար Աֆեյանը: Նա տեղեկացրեց, որ առաջադրված 5 հավակնորդներից մեկը կդառնա «Ավրորա-2017» մրցանակի դափնեկիր:
Նշենք, որ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած և «հաց բերող» անվանումն ստացած Արթուր Սարգսյանը ևս առաջադրված է եղել որպես թեկնածու:
Ռուբեն Վարդանյանը նշեց, որ 255 թեկնածու է եղել, որոնց ընտրել է միջազգային հանձնաժողովը՝ գաղտնիության պայմաններում: Նրա խոսքով՝ միայն կենդանի մարդիկ կարող էին դառնալ հավակնորդ: Առաջադրված թեկնածուներից մահացել են բժշկուհի Լիզա Գլինկան և Արթուր Սարգսյանը:
Լրագրողի հարցին, թե եթե Արթուր Սարգսյանը կենդանի լիներ, հնարավո՞ր էր ընդգրկված լիներ հավակնորդների ցուցակում, Վարդանյանը պատասխանեց. «Չգիտեմ, դա շատ բարդ է, և շատ խորը համակարգ կա ընտրության: Մենք ունեցել ենք 255 թեկնածու, և բոլոր այն պատմությունները, որոնք կարդում ենք նրանց մասին, իսկապես, հիանում ենք, նրանով, թե ինչ են արել մարդիկ: Եթե ես հնարավորություն ունենայի, ինչ ունեմ, կտայի, որ նրանք դառնան մարդկանց համար օրինակ»:
Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երևանում, որտեղ հայտնի կդառա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Դափնեկիրը կստանա $100,000 պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին: