24/04/2017 13:19
Ուժեղանում ենք միայն պոռոտախոսությամբ ու դրոշ վառելով. Արամ Մանուկյան
Այս օրն այն օրն է, երբ պետք է ամփոփես և նախագծես. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Մեր ազգն ունի արդարության, արդար վճռի, պատմության սխալներն ուղղելու պատմական առաքելություն։ Եվ եթե չեն ճանաչել Ցեղասպանությունը, ուրեմն մեր սերունդները չեն կարողացել ճանաչել տալ։ Կա մի լուծում. միայն ուժեղ Հայաստանը կարող է լինել Ցեղասպանության ճանաչման երաշխավոր, այլ լուծում չկա», - ասաց Արամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ ողորմալ ուրիշների՝ Ցեղասպանության ճանաչելու ակտը, թուլության նշան է։
«Դու պետք է լինես ուժեղ, կայացած, որպեսզի ուրիշներին պարտադրես ճանաչել քո արդար դատը։ Մինչդեռ Հայաստանը չի գնում այդ ճանապարհով։ Հայաստանը գնում է բացարձակապես այլ ուղղությամբ։ Այն իրավիճակը, որի մեջ այսօր հայտնվել է մեր ժողովուրդը, ուղղակի ողբերգական է։ 10 տարի առաջ Կիևյան կամրջից մինչև անմար կրակի ճանապարհն անցնում էինք 2-2,5 ժամում, այսօր մենք այդ ճանապարհն անցնում ենք 25 րոպեում», - նշեց Արամ Մանուկյանը։
Վերջինս նշեց, թե անկախության տարիները չեն օգտագործվել Հայաստանն ուժեղացնելու համար. «Ուժեղանում ենք միայն պոռոտախոսությամբ ու դրոշ վառելով։ Եվ դրոշ վառելն ու հայհոյելը դարձել են հայրենասիրության սիմվոլ։ Ամբողջ Կրթության նախարարությունը աշակերտներին առաջն արած բերում է թուրքերին հայհոյելու. սա չէ առաջխաղացման ճանապարհը։ Մենք գնում ենք սխալ զարգացման ճանապարհով, որը չի նպաստելու Ցեղասպանության ճանաչմանը», - եզրափակեց Արամ Մանուկյանը։
Ի դեպ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ չէր եկել Ցեղասպանության հուշահամալիր։