24/04/2017 12:10
Երիտասարդներն իրավունք ունեն Թուրքիայի դրոշ վառել ու այդպես հայտնել իրենց բողոքը. Զարուհի Փոստանջյան
Կողմնակից ենք Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, բայց Թուրքիան ունի մեծ ախորժակ, այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը.
«Իհարկե, կողմնակից ենք Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, բայց հասկանում ենք` Թուրքիան ունի ոչ միայն նախապայմաններ, այլև մեծ ախորժակ: Մենք գիտենք, թե ով է Թուրքիան ու այդ պետության հետ պետք է ունենաս քո ուրույն դիվանագիտությունը, իսկ այն հետևյալն է` նրանք պետք է ճանաչեն մեր իրավունքը», - ասաց Զարուհի Փոստանջյանը:
Անդրադառնալով ապրիլի 23-ին ջահերով երթից առաջ Թուրքիայի դրոշն այրելուն ու դրա վերաբերյալ վերջին տարիներին հնչող քննադատությանը, Զարուհի Փոստանջյանը նշեց` երիտասարդներն ունեն այդ իրավունքը:
«Կարծում եմ` իսկապես ավելի արդյունավետ է, որ մենք պետություն կառուցենք, զարգացնենք պետական ինստիտուտները, որոնք այսօր բավարար չեն գործում: Սակայն Թուրքիայի դրոշ վառելը, կարծում եմ, արդարացված է երիտասարդների կողմից, որովհետև իրենք իրենց բողոքն իրավունք ունեն այդ ձևով հայտնել», - ամփոփեց Զարուհի Փոստանջյանը: