24/04/2017 11:10
Ուշ թե շուտ այս Ցեղասպանությունը պետք է վերջնականապես դատապարտվի, որովհետև այլ ճանապարհ չկա. Էդուարդ Շարմազանով
Էրդողանի կառավարման ժամանակահատվածում, դժբախտաբար, թե՛ տարածաշրջանային խաղաղության և թե՛, կարծեմ, թուրք հասարակության համար Թուրքիան խորացրեց անջրպետը՝ հաշտվելու իր ժողովրդի սեփական պատմության հետ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Թուրքիան գնաց ու խորացրեց ավելի շատ ժխտողականությունը և հեռացավ հաշտության լեզվով խոսելու փորձից», - նշեց նա։
ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ պետք չէ ակնկալել, որ Էրդողանի վարչակարգը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և կարող է ունենալ նման խիզախություն՝ առերեսվել սեփական պատմության հետ։
«Բայց, ի հակառակ դրա և հանուն մարդու իրավունքների պաշտպանության, մենք տեսնում ենք, որ աշխարհում ավելանում են և՛ երկրների, և՛ նահանգների, և՛ մտավորականների, և՛ քաղաքացիների, ու, առհասարակ, դատապարտողների քանակը և որակը, և ուշ թե շուտ այս Ցեղասպանությունը պետք է վերջնականապես դատապարտվի, որովհետև այլ ճանապարհ չկա», - ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։