24/04/2017 11:33
Էրդողանը հերթական հակաիրանական հայտարարությունն է արել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական հակաիրանական հայտարարությունն է արել, հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով տարածաշրջանում ընթացող զարգացումներին, Իրանին մեղադրել է Իրաքում, Սիրիայում, Լիբանանում և Եմենում «պարսկական» ուժի կենտրոն ձևավորելու մեջ:
Էրդողանը, մասնավորապես, ասել է. «Թուրքիայի և Իրանի հարաբերությունները պատմական են, երանի, մեր երկկողմ հարաբերություններն այս մակարդակի չլինեին, որ ներկայում է: Իրանի մերձավորարևելյան քաղաքականության մասին պետք է մտածել, Իրանը պետք է վերանայի իր քաղաքականությունը»:
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Բահրեյն կատարած իր վերջին այցի ընթացքում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, նշել էր. «Իրաքում առկա է կրոնական և ազգային տարաձայնություններ, այնտեղ նաև ձևավորվել է ինչպես պարսկական ազգայնականություն, այնպես էլ անջատողական շարժումներ, դրանց դեմը պետք է առնել»:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, արձագանքելով Թուրքիայի նախագահին, ասել էր. «Դուք տեսեք, թե Թուրքիան, որտեղ է հասել, այն դեպքում, երբ մենք մտահոգված ենք Թուրքիայով, ընկերները, կարծես թե, վատ հիշողություն ունեն: Իրանին մեղադրում են կրոնական տարաձայնություններ հրահրելու մեջ, բայց չեն հիշում, որ մենք նրանց կառավարության համար, որ նույնիսկ շիա էլ չեն, հեղաշրջման գիշերը մինչև լույս արթուն մնացինք: Նրանք (թուրքերը) և՛ վատ հիշողություն ունեն, և՛ անշնորհակալ վերաբերմունք են ցուցաբերում նրանց նկատմամբ, ովքեր ընկերակցում են նրանց»:
Օրերս իրանցի քաղաքական վերլուծաբան Սադեղ Մալեքին, անդրադառնալով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը, մասնավորապես, նշել էր. «Ներկայիս Թուրքիան, որը Հայոց ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան Թուրքիայի ժառանգորդն է, Իրաքում և Սիրիայում իրականացվող բռնությունների հիմնական կատարողն է: Եթե Սիրիայում և Իրաքում իշխանությունը գտնվեր սուննիների ձեռքում, Թուրքիան չէր նպաստի այդ երկրներում ճգնաժամի առաջացմանը»: