24/04/2017 13:10
Լե Պենն ընտրություններում իր արդյունքը համարել է ֆրանսիացիների առաջին քայլը դեպի Ելիսեյան պալատ
«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը պատմական Է որակել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները: Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Նոր Պա դի Կալեի դեպարտամենտի Էնեն Բոմոնում կայացած հանրահավաքում՝ ընդգծելով, որ ինքը հանրապետության նախագահի «ժողովրդական թեկնածուն է», փոխանցում է ТАСС-ը:
«Դա պատմական արդյունք է», - ասել է Լե Պենը: Այս փուլում իր արդյունքը նա համարում է «ֆրանսիացիների առաջին քայլը դեպի Ելիսեյան պալատ»:
«Մենք գնում ենք նախագահական ընտրությունների երկրորդ փուլ», - ասել է Լե Պենը:
«Դեպի Ելիսեյան պալատ ֆրանսիացիների ուղու առաջին փուլը հաղթահարված է: Դա պատմական արդյունք է, և այժմ ինձ վրա է դրվում ֆրանսիական ազգի, նրա միասնության, նրա անվտանգության, նրա մշակույթի պաշտպանության վիթխարի պատասխանատվությունը», - հայտարարել է նա: Լը Պենը նաև երկրի քաղաքացիներին կոչ է արել իրեն աջակցություն ցույց տալ ընտրությունների երկրորդ փուլում և քվեարկել «չվերահսկվող գլոբալացման» դեմ:
Նա քվեարկությունը, որի արդյունքները վկայում են «Ազգային ճակատին» ցուցաբերվող լայն աջակցության մասին, որակել է բողոքի դրսևորում «չպաշտպանված սահմանների, անազնիվ մրցակցության, ահաբեկիչների ազատ տեղաշարժի դեմ»: