24/04/2017 09:50
Պետք է փոխել Ցեղասպանության նկատմամբ եղած մոտեցումները և այն չհամարել պատմության ամոթալի էջերից. Հայկ Դեմոյան
Ցեղասպանության հարյուրամյակից հետո ակտիվության որոշակի նվազումը բնական է, լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
«Ի վերջո, հարյուրամյակը ուժերի մոբիլիզացիա էր, տրամաբանական է, որ հարյուրամյակից հետո որոշակի հանգստություն կլիներ, մոտակա տարիներին նոր որակի անդրադարձներ կտեսնենք, աշխարհը փոփոխվում է, պետք է նոր զարգացումների պատրաստ լինել», - ասաց նա։
Վերջինս ընդգծեց, որ Համահայկական խորհուրդը նպատակ ունի Հայաստանը և սփյուռքը դարձնել ավելի գործող։
«Եթե կարողանանք Համահայկական խորհուրդը աշխատող կառույց դարձնել, որի նկատմամբ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում վստահությունը մեծ կլինի, նոր միայն կարող ենք խոսել հատուցման և այլ հարցերի մասին», - նշեց նա։
Հայկ Դեմոյանի խոսքով՝ կառույցը պետք է գործող դառնա միջազգային հարաբերություններում։
«Եթե այն չի գործում որպես Համահայկական կառույց, մեր հարցը դատապարտված է», - ընդգծեց նա։
Դեմոյանը նաև նշեց, որ պետք է փոխել Ցեղասպանության նկատմամբ եղած մոտեցումները և այն չհամարել պատմության ամոթալի էջերից։
«Ամեն տարի ապրիլի 24-ին պետք է ոչ թե գալ ու ծաղիկ դնել ու հետո մնացած տարին ապրել ապրիլի 25-ի հոգեբանությամբ, այլ պետք է հասկանալ, որ սա մեր երկրի համար առաջին հարցերից է։ Ի՞նչ է ցեղասպանությունը, եթե ոչ ոչնչացման խնդիր, իսկ այսօր փակ սահմանները երկրի համար եղեռնագործություն է», - հավելեց նա։՛