24/04/2017 11:54
Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից այդ ահասարսուռ երևույթի շարունակությունն է. Հովիկ Աբրահամյան
20-րդ դարի ոճրագործության` առաջին Ցեղասպանության արդյունքում բնաջնջվեց մի ողջ ժողովուրդ, կանխամտածված սրի քաշվեց հայ ազգի մտավորականությունը, ոչնչացվեց մեկուկես միլիոն հայ, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Մի ողջ ազգի ճակատագիր 1915 թվականին փոխվեց: Գաղթի ճանապարհը` որպես փրկության փարոս հռչակած հայերը, ցրվեցին աշխարհով մեկ` յուրաքանչյուրն իր գենետիկ հիշողության մեջ պահպանելով հայրենազրկության դառը ցավն ու կարոտը:
Այսօր Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն շարունակում է պայքարը Ցեղասպանության փաստի ճանաչման շուրջ: Բազմաթիվ քաղաքակիրթ երկրներ ընդունել են Ցեղասպանության փաստը։ Գործընթացը շարունակվում է չնայած Թուրքիայի ժխտմանն ու այդ ուղղությամբ տարվող հսկայածավալ աշխատանքին: Մեզ համար կարևոր է աշխարհին հասանելի դարձնել գաղափարը` Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից այդ ահասարսուռ երևույթի շարունակությունն է: Մենք հաստատակամ ու անդրդվելի ենք մեր պայքարում:
Այսօր պայքարի, բայց նաև խոնարհման օր է: Մենք գլուխ ենք խոնարհում 1915 թվականի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև», - նշել է նա։