24/04/2017 15:00
100 տարի անց հնարավորություն ունենք շնորհակալություն հայտնելու այսօրվա հերոսներին. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ստեղծելով` մեր նպատակն էր առաջիկա ութ տարվա ընթացքում հիմնել մի շարժում, որը կշարունակվի անվերջ, այսօր «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունների հրապարակման ժամանակ հայտարարեց նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Այդ շարժման սկզբնական նպատակն էր ներկայացնել այն մարդկանց, ովքեր մարդասիրությամբ են զբաղված՝ իրենց կյանքը մահի առջև դնելով, ինչպես 100 տարի առաջ որոշներն արեցին մեր նախնիների համար», - հայտարարեց Աֆեյանը:
Նրա խոսքով՝ առաջին համաշխարհային պատերազմից ու Հայոց ցեղասպանությունից հետո հայերը հնարավորություն չեն ունեցել իրենց երախտագիտությունը հայտնելու իրենց փրկած մարդկանց:
«Բայց 100 տարի հետո մենք՝ իրենց թոռները, կարող ենք ու ունենք հնարավորություն՝ աշխարհի առջև գալու և ներկայացնելու այսօրվա հերոսներին, որոնք նույնն են՝ իրենց համար կարևոր չէ՝ հայի՞ են օգնում, թե՞ արաբի, թե թուրքի: Օգնում են բոլորին, ովքեր դրա կարիքն ունեն», - ասաց Աֆեյանը: