24/04/2017 11:22
Լավ բան անելը դժվար է ու հեշտ է ասել` ո՞վ է մեղավոր. պիտի աշխատենք ու արժեքների վրա հիմնված երկիր ստեղծենք. Ռուբեն Վարդանյան
Հայը՝ որպես ազգ, միայն աշխատելով ու հաջողություններով կարող է հաղթել բոլոր դժվարությունները, այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը:
«Հաջողության համար մենք պիտի միանանք և՛ Սփյուռքը, և՛ Հայաստանը: Ու, իհարկե, գործ անենք, որ Հայաստանը դառնա չքնաղ երկիր: Զարգացումով և մեր հաջողությամբ պետք է ցույց տանք բոլորին և մեր հարևաններին, որ իրենց ուզածը չի ստացվելու: Մենք կյանքն ենք շարունակում, մեր լուման դնում ենք աշխարհի զարգացման մեջ», - ասաց Ռուբեն Վարդանյանը:
Հարցին` ի՞նչ կարծիք ունի Հայաստանում մարդու իրավունքների վիճակի ու դրա վերաբերյալ հնչող քննադատությունների մասին, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց, որ «մասնագետ չէ»:
«Ես մասնագետ չեմ, չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև իսկապես դրա մասնագետը չեմ: «Ավրորա» մրցանակը և շարժումը մարդու իրավունքների մասին չէ, մարդու արժեքների մասին է` մենք ավելի լայն բանի մասին ենք խոսում: «Ավրորան» համաշխարհային մարդկային արժեքների մասին է խոսում: Արժեքների վրա հիմնված երկիր պիտի ստեղծենք: Ես լավատես եմ, ուրիշ ճանապարհ չունենք: Պիտի հավատանք, անենք: Շատ հեշտ է ասել` ինչու՞ չի ստացվել, ո՞վ է մեղավոր, լավ անելը դժվար բան է, բայց պիտի անենք», - ամփոփեց Ռուբեն Վարդանյանը: