24/04/2017 12:26
Երևանում հայտնվել են խնձորներ՝ «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ. ՍԱՊԾ-ն զբաղվում է խնդրով (Տեսանյութ, լուսանկարներ)
Երեկ երևանյան խանութներից մեկում «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերի մեջ խնձորների լուսանկարը, այնուհետև՝ տեսանյութը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել օգտատերերի շրջանում: Ոմանք պնդում էին, թե միայն դավաճանները կարող են ադրբեջանական արտադրության խնձոր ներկրել Հայաստան և վաճառել: Օգտատերերից շատերն էլ մեղադրում էին պատկան մարմիններին, որ թույլ են տվել նման մթերք հայտնվի հայաստանյան շուկայում:
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ (ՍԱՊԾ) Նվարդ Առաքելյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ ՍԱՊՇ-ն ծանոթ է բարձրացված խնդրին և իրենց մասնագետներն արդեն զբաղվում են:
«Այդ տեղեկության տարածումից անմիջապես հետո ողջ օրվա ընթացքում ՍԱՊԾ-ի մասնագետները շրջայց են կատարել խանութներով, որի արդյունքները ավելի ուշ կներկայացվեն», - մեզ հետ զրույցում ասաց Առաքելյանը:
Նշենք, որ բոլորովին վերջերս Թուրքիայից Հայաստան էին ներկրվել «Karabax» գրությամբ լոլիկներ: Ավելի ուշ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացրին, որ սահմանին կանխվել է «Karabax» մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ լոլիկի և վարունգի ներկրումը հանրապետություն:
Ըստ աղբյուրի՝ օրինախախտը գյուղմթերքը փորձել է տեղափոխել խնձորով ծածկված արկղերում:
Լուսանկարը և տեսանյութը՝ Հրաչուհի Բարսեղյանի