24/04/2017 11:28
«Նոր ձևակերպումներով» կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև բանակցությունները վերջնական փուլում են
Հանրապետական և Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունների միջև կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին բանակցությունները վերջնական փուլում են, և առաջիկայում այդ մասին հայտարարություն կարվի, այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նախարարն ասաց, որ հստակեցումները կլինեն մինչև օրենքով նախատեսված կարգով նոր խորհրդարանի առաջին նիստը: Մինասյանի խոսքով՝ ձգձգման խնդիր չկա, ամեն ինչ կլինի ժամանակին:
Հարցին, թե ինչո՞ւ են քննարկումներ ծավալվում, եթե այս կուսակցությունների միջև համագործակցության մասին հուշագիրն անժամկետ էր, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ճիշտ է՝ նախորդ փետրվարյան համաձայնագիրը անժամկետ էր, բայց այսօր «ուղղակի ճշգրտումներ են կատարվում»:
«Այսօր ճշգրտման խնդիր կա, որովհետև ընտրություններից հետո և նաև նախորդ ժամանակաշրջանի ձեռքբերումները լայն թափով առաջ տանելու տեսակետից նոր ձևակերպումների անհրաժեշտություն կա», - ասաց Մինասյանը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք «նոր ձևակերպումներ» ասելով պե՞տք է հասկանալ պորտֆելների փոփոխություն՝ ի պատասխան Մինասյանը ասաց. «Չի եղել, և, կարծում եմ, ներկայումս էլ չի լինի նախարարության կամ քվոտայի մասին որևէ դրույթ, որովհետև վերջում մենք երկու քաղաքական ուժերի միավորմամբ պետք է ստանանք ավելի հզոր բարեփոխումներն առաջ տանող միավոր, ոչ թե առանձին ինչ-որ վերաբաժանման խնդիր դնենք: Անկախ նրանից՝ երկուսն է, երեքն է, թե յոթն է պորտֆելների քանակը, միևնույն է, պատասխանատվությունը կրում ես ողջ քաղաքականության և ծրագրերի համար»: