25/04/2017 15:55
Հայերին ուղղված Էրդողանի ուղերձում մեկ նոր բան կար. «Ակոս»-ի խմբագիր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը ոչնչով չի տարբերվում նախորդ տարիներին ապրիլ 24-ի առթիվ հայ համայնքին հղած ուղերձներից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պոլսահայ «Ակոս»-ի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը:
Նշենք, որ ուղերձում Էրդողանը հատուկ ողջունել էր Պոլսո Հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և հետո միայն՝ Թուրքիայի հայ քաղաքացիներին:
«Այս ուղերձն ուղղված էր Աթեշյանին, քանի որ պետությունը նրան ճանաչում է որպես պատրիարքի փոխանորդ», - ասաց պոլսահայ համայնքի ներկայացուցիչը:
Այդուհանդերձ, ըստ Էստուկյանի, Էրդողանի այս տարվա ուղերձում մեկ նոր բան կար, և դա ուղերձի վերջում նշված պատրիարքի ընտրության մասին բարի մաղթանքն էր:
«Ինչպես գիտեք, նախագահը նախապես հայտնել էր, որ երկրի առաջնահերթ խնդիրը հանրաքվեի անցկացումն է և հազիվ թե նա զբաղվի պատրիարքական ընտրություններով: Այս բարեմաղթությունը հույս է ներշնչում, թե շուտով մեծ թափ կստանա ընտրության գործընթացը: Պոլսահայությունը անհամբեր է գոյացած անելանելին շուտով հաղթահարելու համար», - ասաց Բագրատ Էստուկյանը:
Նշենք, որ ուղերձում Էրդողանն ասել էր. «Ցանկանում եմ, որ Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրությունները կարճ ժամանակում ավարտին հասցվեն: Ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներում»:
Հիշեցնենք՝ Պոլսո պատրիարարքարանում մարտի 15-ին տեղի ունեցած հոգևորականների դռնփակ ժողովի ժամանակ Գերմանիայի հայկական թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ընտրվել էր Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ. Բեքչյանին կողմ էր քվեարկել 23 հոգևորական, իսկ Աթեշյանին՝ 11: