25/04/2017 17:08
Մենակ էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարն ինձ դիտողություն անի. Զուրաբյանը՝ Մուկուչյանին
Սահմանադրական դատարանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքի դիմումի քննության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի միջև:
Լևոն Զուրաբյանը դժգոհեց, որ ապրիլի 2-ին՝ ժամը 07:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, ինտերնետային հեռարձակումը ընտրատեղամասերում դադարել է:
«Կենտրոնական գրասենյակում հեռարձակում եղել է», - հակադարձեց Մուկուչյանը, ինչին ի պատասխան՝ Զուրաբյանը պահանջեց չմիջամտել իր խոսքին:
«Առանց մատի, առանց մատի խոսեք», - ասաց Մուկուչյանը, Զուրաբյանն էլ հակադարձեց. «Խնդրում եմ միջամտություն չանել, թե ես ինչպես խոսեմ: Մենակ էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարն ինձ դիտողություն անի»:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կոչ արեց կողմերին կոռեկտ լինել և պիտակավորումներ չտալ միմյանց՝ զգուշացնելով Լևոն Զուրաբյանին, որ ինքը ստիպված կլինի զրկել նրան ձայնի իրավունքից:
Անդրադառնալով Մուկուչյանի դիտարկմանը, որ Կենտրոնական գրասենյակում հեռարձակում եղել է՝ Զուրաբյանը նշեց, որ 2000 ընտրատեղամասերի աշխատանքներին հետևելը միայն մի գրասենյակից ֆիզիկապես հնարավոր չի եղել, ուստի դա փաստարկ չէ: