25/04/2017 13:31
Անկարան Բրյուսելին կոչ է անում կողմնորոշվել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում
Անկարան Բրյուսելին կոչ է անում վերջնականապես կողմնորոշվել՝ արդյոք Եվրոպական միությունը ցանկանո՞ւմ է Թուրքիային տեսնել որպես իր անդամի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ Bloomberg-ի հետ հարցազրույցի ժամանակ՝ նշելով, որ Եվրոպան չի ձգտում կատարել իր վրա վերցրած պարտականությունները միգրացիոն հոսքերի սահմանափակման համաձայնագրի հետ կապված, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք Եվրոպական միությանը կոչ ենք անում ազնիվ լինել՝ մեր հնարավոր անդամակցության հետ կապված։ Սկզբի համար նրանք պետք է կողմնորոշվեն՝ արդյոք ցանկանու՞մ են մեզ այնտեղ տեսնել։ Թող նախ իրենք իրենց համար որոշեն դա, իսկ հետո մենք որոշումներ կընդունենք մուտք գործելու մեր ծրագրերի շուրջ», - ընդգծել է նա։
Յըլդըրըմի խոսքով՝ Եվրամիությունը «չի կատարում» իր խոստումները Թուրքիային ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ՝ ներգաղթյալների հոսքը վերահսկելու համար, և առաջխաղացում չկա նաև վիզային ռեժիմի թուլացման հարցում։
«Փախստականների հարցը լուծելու համար ֆինանսական օգնություն հատկացնելու ու վիզային ռեժիմի թուլացման ծրագիրը չի կատարվում։ Խոստացված 3 մլրդ եվրոյի փոխարեն մենք ստացանք միայն 790 մլն եվրո։ Այժմ մենք չենք պատկերացնում, որ ԵՄ պարտականությունները կկատարվեն», - ընդգծել է վարչապետը։