25/04/2017 14:22
Ոչ մի քաղաքական ուժ չէր կարող ընտրակաշառք բաժանել առանց ՀՀԿ-ի իմացության. Լևոն Զուրաբյան
Նախորդ ընտրություններին ՀԱԿ-ը ժողովրդի 30 տոկոսի աջակցությունն է ստացել, բայց ընտրակեղծարարությունների հետևանքով ՀԱԿ-ի ձայները 7 տոկոսի են իջեցվել, Սահմանադրական դատարանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքի քննման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Ակնհայտ էր, որ ՀԱԿ-ը ամենազդեցիկ քաղաքական ուժն է, 5 տարի շարունակ բազահազարանոց հավաքներ է արել, և եթե Կոնգրեսը չմտներ պառլամենտ, ապա այդ ընտրությունները շատ վատ կորակվեին միջազգային հանրության կողմից», - ասաց նա:
Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ 2012 թվականին իշխանությունը կարող էր ՀԱԿ-ին դուրս թողնել խորհրդարանից, մինչդեռ միջազգային հանրության հետ կապված որոշ հարցեր լուծելու խնդիր ուներ, ինչն էլ թույլ չտվեց անել դա:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ այս անգամ Կոնգրես-ՀԺԿ դաշինքն այդքան քիչ ձայն հավաքեց, Զուրաբյանը նշեց.
«Գիտեք, ես պատրաստ եմ ընդունել, որ մեր մեսիջին քիչ մարդ է հավատացել, բայց երբ աղճատված համակարգ ունենք, մենք դա չենք կարող ստուգել: Եթե համակարգը ենթակա է մանիպուլյացիայի, ինչ հնարավոր է, կարող են անել»:
Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին և նորընտիր խորհրդարանին, Զուրաբյանը նշեց, որ համակարգի տերը ՀՀԿ-ն է և ոչ մի քաղաքական ուժ չէր կարող ընտրակաշառք բաժանել առանց նրա իմացության:
«Հանրապետական կուսակցությունն է որոշում՝ որ կուսակցություններին թույլ տալ ընտրակաշառք բաժանել: Հանրապետական կուսակցությունն է որոշում Ազգային ժողովի կազմը», - հավելեց նա: