25/04/2017 13:26
Պետական հայտնի գործիչները «զրույցներ» են ունեցել իգական սեռի լրագրողների հետ ու նրանց դիմել «աղջիկ ջան»-ով. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն զեկույց է հրապարակել
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացրել է 2017թ.-ի առաջին եռամսյակային զեկույցը:
Ըստ դրա`ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ 3 ֆիզիկական բռնության և 18 ճնշման դեպքեր են տեղի ունեցել, իսկ ընդհանուր եռամսյակային տվյալներով՝ արձանագրվել է տարատեսակ ճնշումների 32 փաստ և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 5 խախտում։
Դիտարկվող ժամանակահատվածն աչքի է ընկել նաև ընդդեմ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների դատական նոր գործերի առատությամբ։ Վարույթ են ընդունվել 19 նոր դատական գործեր, որոնցից 15-ն ընդդեմ «Sut.am» լրատվական կայքի հիմնադիր՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և նրա համակարգող Դանիել Իոաննիսյանի են, և բոլորը վերաբերում են այդ կայքի մարտի 24-ի աղմկահարույց հրապարակմանը, որում բացահայտվում է նախընտրական շրջանում 30 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների՝ վարչական ռեսուրսի գործածմամբ ձայների հավաքագրումը՝ հօգուտ ՀՀԿ-ի։
Ընտրապայքարը լուսաբանելու համար անբարենպաստ քաղաքական մթնոլորտի մասին են վկայում այն փաստերը, երբ քարոզարշավին մասնակցող կուսակցական և պետական հայտնի գործիչները, լսելով իրենց համար ոչ հաճո հարցեր, ոչ միայն վրդովվել ու արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել լրագրողների նկատմամբ, այլև փորձել են «դասեր» տալ նրանց։ Ընդ որում՝ իգական սեռի լրագրողների հետ «զրույցներում» հաճախակի է դարձել «աղջիկ ջան…» դիմելաձևը։
Հունվար-մարտ ամիսներին ԽԱՊԿ-ը շարունակել է դիտարկել լրագրողների և օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով և մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված՝ 2015թ. հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) և 2016թ. հուլիսի երկրորդ կեսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերը և արձանագրել է, որ դրանցում նկատելի առաջընթաց չի եղել. նոր մեղադրյալներ կամ նույնիսկ կասկածյալներ չկան։ Մինչդեռ, միջազգային ատյանները՝ Եվրոպական դատարանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն գրանցել #ElectricYerevan-ի գործով տուժող ճանաչված երեք լրագրողների գանգատները՝ հիմնավոր համարելով նախաքննության անարդյունավետության վերաբերյալ նրանց փաստարկները։ Սա իրավապաշտպանության ոլորտի համար չափազանց կարևոր նախադեպ է։