25/04/2017 16:41
ԿԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլների գլխավորած պատվիրակությանը:
ԿԳ նախարարը նշել է, որ կրթական համագործակցությունը հայ-գերմանական հարաբերությունների կարևոր ուղղություններից է: Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարությանը՝ հայագիտության նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ միաժամանակ ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի հուսալի գործընկերն է կրթության ոլորտում։
«Հայ-գերմանական կրթական համագործակցության հիմքերն ամուր են, մենք բարձր ենք գնահատում տարիների փորձը, որ կուտակվել է այս ասպարեզում, ինչպես նաև իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու բազմազանությունը»,- նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ արդյունավետ համագործակցության հիմնվում է քաղաքակրթական արժեքների վրա:
Նախարարի խոսքով՝ տարիներ շարունակ կրթության ծրագրերի ուղղությունը միտված է եղել երկու հիմնական նպատակի՝ առաջինը գերմաներեն լեզվի զարգացումն ու տարածումն է, որն արմատավորված էր դեռևս խորհրդային տարիներին, երբ Հայաստանի տարբեր բնակավայրերի դպրոցներում գերմաներենը ուսուցանվում էր որպես հիմնական օտար լեզու և երկրորդը՝ Գերմանիայի կրթական համակարգի ներկայացվածությունն է Հայաստանում, որն ունի առավելապես քաղաքական նշանակություն:
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլները նշել է, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել կրթական ծրագրերի աջակցությունը, կարևորելով լեզվի տարածումն ու զարգացումը ինչպես հանրակրթության, այնպես էլ միջին մասնագիտական կրթության ասպարեզում: Նախարարի խոսքով՝ Գերմանիայում տնտեսությունն և աշխատաշուկան հիմնվում են ՄԿՈՒ ոլորտի վրա և իրենք, որպես փոփոխությունների ավելի մեծ փորձ ունեցող երկիր կարևորում են այդ ուղղությամբ զարգացումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Բոլոնիայի գործընթացին, Եվրոպական կրթական տարածքի ընդհանրական խնդիրներին, միջդպրոցական կապերի ամրապնդմանը և հայ-գերմանական կրթական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի: