25/04/2017 18:44
Կատալոնիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում 9 մարդ է ձերբակալվել
Կատալոնիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է անցկացրել Բարսելոնի նահանգի մի քանի բնակավայրերում, ձերբակալվել է 9 մարդ, հայտնել են իրավապահ մարմինները, փոխանցում է ТАСС-ը:
Նախնական տվյալով՝ խոսքը վերաբերվում է Կատալոնիայում բնակվող Մարոկկոյի ութ հպատակների և մեկ իսպանացու: Նրանք բոլորը 30-40 տարեկան տղամարդիկ են: Ձերբակալվածներին մեղադրում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու և կազմակերպված հանցավորության համար:
Գործողությունն անցկացվել է Իսպանիայի ազգային ոստիկանության և Բելգիայի իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ: Կատարվել է 12 խուզարկություն: Ենթադրվում է, որ կալանավորվածներից մի քանիսը կապված են 2016 թվականին Բելգիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչական գործողություններին մասնակցության կասկածանքով ձերբակալվածների հետ: