25/04/2017 09:46
Նոր մանրամասներ՝ Գյումրիում ռուս զինծառայողի սպանության վերաբերյալ. ՀԺ
Ռուս զինծառայողի դին հայտնաբերվել էր ապրիլի 22-ին ժամը 17:30-ի սահմաններում Գյումրիում ռուսական ռազմաբազայի մոտակա խանութներից մեկի մոտ: Ինչպես «Հայկական Ժամանակ»-ին տեղեկացրել են տարածքի բնակիչները, ռուս զինծառայողը գնումներ է կատարել խանութից, այնուհետև դուրս է եկել և վեճի բռնվել հայ երիտասարդներից մեկի հետ՝ անհայտ պատճառներով և ըստ բնակիչների տեղեկությունների՝ հայ երիտասարդը ռուս զինծառայողին կոկորդի շրջանում մահացու վնասվածք է հասցրել:
Թերթը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաևի մահվան կապակցությամբ: «Իմ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, ՌԴ հարավային ռազմական շրջանի և 102-րդ ռազմակայանի հրամանատարությանը, զոհվածի հարազատներին և մերձավորներին:
Ընդունեք մեր զորակցություն ու կարեկցանքը: Հավաստիացնում եմ, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու և մեղավորներին պատժելու համար», - թերթի փոխանցմամբ՝ ասված է ցավակցական հեռագրում: