25/04/2017 11:26
ՀՀԿ-ն հեռացրել է Հովիկ Աբրահամյանին, քանի որ ինքն է դիմում գրել կուսակցությունից դուրս գալու մասին. Շարմազանով
Հովիկ Աբրահամյանի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու ողջ գործընթացը եղել է հրապարակային, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Պարոն Աբրահամյանը հրապարակային անդրադարձել է դրան, ես ընդամենը կարող եմ առաջարկել հետ գնալ, վերընթերցել պարոն Աբրահամյանի գրառումները», - նշեց նա։
Նշենք, որ երեկ Հովիկ Աբրահամյանը News.am-ի հետ զրույցում ասել էր, որ ինքը չի լքել ՀՀԿ-ն։
Հարցին՝ այսինքն ՀՀԿ-ն չի՞ հեռացրել նրան կուսակցությունից, Է. Շարմազանովը պատասխանեց. «Բոլոր նրանք, ովքեր դուրս են գալիս կուսակցությունից, կուսակցությունը հեռացնում է նրանց, ամեն ինչ եղել է հրապարակային, ինքը դիմում է գրել կուսակցությունից դուրս գալու մասին, բնականաբար, դրա հիման վրա կուսակցությունը պարտավոր է հեռացնել նրան»։
Հունվարի 25-ին Հովիկ Աբրահամյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ դադարեցնում է անդամակցությունը ՀՀԿ-ին:
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասել էր, որ Հովիկ Աբրահամյանը կուսակցությունից դուրս գալու դիմումը ուղարկել է, անձամբ չի տարել ՀՀԿ գրասենյակ։
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում անդրադարձել էր այս թեմային՝ ընդգծելով, որ «այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են։
Հովիկ Աբրահամյանն էլ, իր հերթին, արձագանքել էր Սերժ Սարգսյանի ելույթին՝ նշելով, որ «Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր, բայց չմոռանանք, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում»։