25/04/2017 13:17
Եթե ես լինեի, կեսարյան հատում կանեի. Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով ցուցմունք տվեց ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատական նիստը:
Այսօր, որպես վկա, հարցաքննվեց ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:
«Եթե ես լինեի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկների փոխարեն, հուլիսի 27-ի առավոտյան, երբ արդեն Մերի Մարգարյանի լաբորատոր հետազոտություններում շեղումներ էին հայտնաբերվել, կեսարյան հատում կանեի», - հայտարարեց Ռ. Աբրահամյանը։
Նա նշեց, որ Մերի Մարգարյանին կարելի էր հոսպիտալացնել դեռ այն ժամանակ, երբ նա հղիությունը վարած բժշկուհուն հայտնել է, որ բարձր ջերմություն է ունեցել:
«Ընդհանրապես, հղիների համար բարձր ջերմություն է համարվում 38-ը, սակայն եթե հղին դիմում է բժշկին ու ասում, որ նախապես ջերմություն է ունեցել, նա պետք է հոսպիտալացվի: Ցանկալի է, անհրաժեշտ է հոսպիտալացումը», - ասաց ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը:
Ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը փորձագետից հետաքրքրվեց՝ անեսթեզիոլոգն ու նյարդաբանն ինսուլտ էին կասկածում, այդ պայմաններում հնարավո՞ր էր կեսարյան հատում իրականացնել, Ռ. Աբրահամյանը պատասխանեց. «Ելնելով պտղի շահերից՝ ցանկալի էր կեսարյան հատում անել՝ անկախ նրանից, թե ինսուլտ կասկածում էին, թե ոչ: Եթե ես լինեի, նորից եմ ասում, հուլիսի 27-ին առավոտյան կանեի կեսարյան հատումը»։
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի և նորածնի մահվան մեջ մեղադրվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը:
Ըստ Քննչական կոմիտեի` դեպքի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մերի Մարգարյանը չորս օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չի կատարել իր պարտականությունները։
Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:
Նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանը բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:
Շ. Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ա. Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: