25/04/2017 10:36
Ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվածին դեռ մեղադրանք չի առաջադրվել. նա ցուցմունքներ է տվել
21-ամյա ռուս զինծառայողի սպանության գործով նույն օրը ձերբակալված Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ 21-ամյա Արման Ջանջուղազյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել։
««Ներկա պահին Ա. Ջանջուղազյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ա. Ջանջուղազյանի հանրային պաշտպան Արամայիս Հայրապետյանը։
Նա նշեց, որ իր պաշտպանյալին տեղափոխել են Երևան։
«Ներկա փուլում նա Երևանում է, քննչական գլխավոր վարչությունն է զբաղվում այդ գործով», - նշեց Ա. Հայրապետյանը։
Հարցին՝ ո՞րն է եղել սպանության շարժառիթը, ասե՞լ է, թե ինչու է դանակով հարվածել, պաշտպանը պատասխանեց. «Ինքը ցուցմունքներ տվել է, բայց քանի դեռ պաշտոնական հաղորդագրություն չկա, ես չեմ կարող դա բացահայտել»։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին սպանություն էր տեղի ունեցել Գյումրի քաղաքում. սպանվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևը:
Վերջինս սպանվել էր ժամը 17:15-ի սահմաններում՝ Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ. նա սպանվել է կտրող-ծակող առարկայից հասցված վնասվածքներից: 21-ամյա ռուս զինծառայողի սպանության գործով նույն օրը ձերբակալվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ 21-ամյա Արման Ջանջուղազյանը:
Հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։