25/04/2017 18:53
ՍԱՊԾ-ն անգործության է մատնված. Ադրբեջանական խնձորները շարունակում են վաճառել խանութներում
Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունը, որը պատասխանատու է Հայաստանում սննդամթերքի անվտանգության համար, այս օրերին անգործության է մատնված:
Բանն այն է, որ խանութներում, սուպերմարկետներում հայտնվել է «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերով վաճառվող խնձորներ, ինչը տարակուսանք է առաջացրել հայ սպառողների շրջանում: Նրանց այս օրերին հետաքրքրող հարցերն են՝ ինչպե՞ս է այդ մթերքը հայտնվել հայկական շուկայում և արդյոք այն անվտանգ է: Սակայն ՍԱՊԾ-ն և Պետական եկամուտների կոմիտեն լռում են. այսօր մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան:
Ադրբեջանական խնձորների շուրջ աղմուկը բարձրացավ ապրիլի 23-ին, երբ օգտատերերից մեկը սկզբում լուսանկար, այնուհետև տեսանյութ հրապարակեց այն մասին, թե ինչպես են «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերով խնձորները վաճառվում երևանյան խանութներից մեկում:
Սոցցանցերում կիրակի առաջացած բողոքի ալիքը չի դադարել նաև այսօր, երբ օգտատերերից մեկը հրապարակել է նույն խնձորի լուսանկարը և գրել. «Ադրբեջանական խնձորները վաճառվում են նաև Քարֆուր սուպերմարկետում»:
Մինչ ՍԱՊԾ-ն կփորձի սայլը տեղից շարժել, սննդի անվտանգության փորձագետ Դավիթ Պիպոյանը կոչ է անում հեռու մնալ ադրբեջանական խնձորներից, քանի որ դրանք կարող են վտանգավոր լինել մարդկանց առողջության համար:
«Կոչով դիմում եմ բոլոր ծանոթներիս և ֆեյսբուքյան ընկերներիս: Թուրքական մթերքների աղմուկն ու տագնապը չավարտված՝ շուկայում հայտնվել են ադրբեջանական խնձորներ: Պատկան մարմինն այս օրերին ապացուցեց, որ իրենց սպառողի առողջությունը բնավ չի հետաքրքրում, բոլորիդ խնդրում եմ ձեռնպահ մնալ այս խնձորներից, ուզում է նվեր տան, երբեք չեք կարող իմանալ թե ինչ նպատակով են ներկվել և ինչ ռիսկեր կարող են պարունակել», - հայտարարել է նա: