26/04/2017 17:20
Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակման գործով Եվրոպայում 10 մարդ է ձերբակալվել
2015 թվականի հունվարին Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության և սուպերմարկետի վրա հարձակման գործի հետաքննության շրջանակում Ֆրանսիայում և Բելգիայում 10 մարդ է ձերբակալվել, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով BFMTV-ին:
Հեռուստաալիքի տվյալով՝ ձերբակալվածներին կասկածում են Փարիզը ցնցած ահաբեկչությունների կազմակերպիչներից Ամեդի Կուլիբալիին զենք մատակարարելու մեջ:
2015 թվականի հունվարի սկզբին զինված տղամարդը ներխուժել էր Փարիզի սուպերմարկետներից մեկը, կրակ բացել մարդկանց ուղղությամբ ու գերեվարել ներսում գտնվողներին: Նա 32-ամյա Ամեդի Կուլիբալին էր, որը սպանվեց հատուկ ջոկատայինների գործողության ժամանակ: Հարձակման հետևանքով 4 մարդ զոհվեց, 15 գերիներին հաջողվեց փրկել:
Իսկ ահաբեկչությունների շարքը Փարիզում սկսվեց հունվարի 7-ին Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակմամբ, որը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարն էր հրապարակել: Երեք օրվա ընթացքում 17 մարդ զոհվեց, այդ թվում՝ 3 ոստիկան: