26/04/2017 13:13
Աղջիկ երեխայի ծնունդը դեռևս ընկալվում է որպես պարտություն. Նվարդ Մանասյան
Վերջին վեց տարվա ընթացքում հանրային կարծիքը տղա երեխային նախապատվության վերաբերյալ ակնհայտորեն փոխվել է, «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ամփոփիչ համաժողովի ժամանակ ասաց խմբագրական խորհրդի անդամ Նվարդ Մանասյանը։
«Այն, ինչ համարվում էր բավականին նորմալ և ընդունելի, այժմ սկսում է ընկալվել որպես անցանկալի», - նշեց նա։
Ն. Մանասյանի խոսքով՝ այդուհանդերձ, սոցիալական նորմերում փոփոխություն ի հայտ բերելու և ստեղծված հնարավորությունները լավ օգտագործելու համար անհրաժեշտ է վերանայել աղջիկ երեխայի ընկալումը, որի ծնունդը, նրա խոսքով, դեռևս դիտարկվում է որպես պարտություն։
Նվարդ Մանասյանը նշեց, որ անհրաժեշտ է երեխայի խնամքում ավելի լայն ընդգրկել հայրերին։
«Երեխայի խնամքի գործառույթները պետք է ունենան առաջարկվող ծառայությունների շղթա, որը թեթևացնում է մայրերի բեռը», - նշեց նա։
Բանախոսի խոսքով՝ այսօր կանայք կրում են մայրության և զբաղվածության կրկնակի բեռը։
«Սա, իրականում, նպաստում է ընտանիքի վաղ պլանավորման պրակտիկային, որը ընդհատում է վերարտադրողական ֆունկցիան, քանի որ խնամքի գրեթե 90 տոկոսի ապահովման համադրությունը լրիվ դրույքով զբաղվածության հետ ստիպում է կանանց ընտրել գործառույթներից մեկը։ Աշխատող կանայք միտում ունեն հրաժարվել իրենց երրորդ, իսկ ավելի հաստատ՝ չորորդ հնարավոր հղիությունից, իսկ սա նվազ տարածված երևույթ է նրանց չաշխատող հասակակիցների շրջանում», - նշեց Ն. Մանասյանը:
Նա առաջարկեց ներկայացնել ընտանիքը կերակրող հաջողակ կանանց դերային մոդելներ, համահավասար ծնողավորման օրինակներ, որոնք պատկերում են զբաղվածության և խնամքի կրկնակի պարտականություններ կրող անհատների՝ անկախ նրանց սեռից։