26/04/2017 16:55
Ֆրանսիայի հատուկ ծառայություններն Ասադին են մեղադրել Իդլիբում քիմիական հարձակման համար
Ֆրանսիական հատուկ ծառայությունները եկել են եզրակացության, որ Իդլիբ շրջանի վրա նյարդա-պարալիտիկ նյութի կիրառմամբ քիմիական հարձակումն իրականացրել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ ուժերը: Այդ մասին ասված է իշխանությունների ներկայացրած գաղտնազերծված զեկույցում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ապստամբների հսկողության տակ գտնվող Խան-Շեյխուն քաղաքի վրա ապրիլի 4-ին օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 87 մարդ:
«Կասկած չկա, որ օգտագործվել է զարին: Կասկած չկա նաև սիրիական ռեժիմի պատասխանատվության մասին՝ հաշվի առնելով, թե ինչպես է զարինն օգտագործվել և արտադրվել», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն:
Ֆրանսիացի զինվորականների և արտասահմանյան հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից կազմված 6 էջանոց գաղտնազերծված զեկույցում նշվում է, որ Ասադի ռեժիմի ներգրավվածության մասին եզրակացությունն արվել է ավիահարվածի վայրից թունավոր նյութի նմուշների հետազոտության և զոհերի արյան անալիզի հիման վրա:
«Որոշակի աղբյուրից մեզ հայտնի է, որ մեր կողմից հայտնաբերված զարինի պատրաստման եղանակը տիպիկ է սիրիական լաբորատորիաների համար: Դա ռեժիմի հատուկ մեթոդն է, և հենց այն է թույլ տալիս սահմանել հարձակման պատասխանատվությունը», - հայտարարել է նախարարը: