26/04/2017 13:52
Դատախազությունը ոչ մի դեպքում չի կարող դպրոցի տնօրենների ու «ՍԱՍ»-ի ձայնագրություններն ընդունել որպես ապացույց. Գառնիկ Իսագուլյան
Երկու օր է՝ Սահմանադրական դատարանում Լևոն Զուրաբյանը քաղաքական ճառ է ասում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից` ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՍԴ ներկայացված դիմումին ու ընթացող լսումներին՝ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը.
«Պետք է հիշել` դատական համակարգն ուրիշ համակարգ է: Ցանկացած իրավաբանի, քննիչի հարցրեք, երբ նրանց ինչ-որ բան եք ասում, նրանք ասում են մեզ բերեք փաստեր, ինչի հիման վրա եք դուք ասում` ընտրակաշառքի հետ կապված, ճնշումների հետ կապված», - ասաց Գառնիկ Իսագուլյանն` ընդգծելով, որ այս դեպքում դատարանում ոչ դպրոցի տնօրենների ձայնագրությունը, ոչ էլ «Սաս» սուպերմարկետում արված ձայնագրությունը չեն կարող փաստական ապացույց լինել.
«Ձայնագրությունը ե՞րբ կարող է փաստական ապացույց լինել, երբ այդ ձայնագրությունն անելու թույլտվությունը կա դատարանի կողմից և դա արվում է կոնկրետ նպատակով: Հիմա մենք կարող ենք այստեղ բեմադրություն անել, իբրև թե ՀԱԿ-ի գրասենյակում ենք, բոլորիդ զգուշացնեմ, որ սենց խոսակցություն ենք ունենալու, սենց պատասխաններ եք տալու, ձայնագրեմ ու դա բոլորին ներկայացնեմ որպես ՀԱԿ-ում արված ձայնագրություն», - ասաց Գառնիկ Իսագուլյանն` ընդգծելով, դատախազությունը ոչ մի դեպքում չի կարող վերոնշյալ ձայնագրություններն ընդունել որպես ապացույց: