26/04/2017 12:49
Սերժ Սարգսյանն անձամբ հանդիպել է առաջադրված բոլոր թեկնածուների հետ. Գառնիկ Իսագուլյան
Ընտրական կաշառքը, միանշանակ, էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների արդյունքների վրա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
«Ընտրակաշառքի մասին խոսակցություններ կան, նման երևույթներ առկա են՝ ոչ ոք չի բացառում, բայց դրանք, միանշանակ, էական ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա։ Իրականում հարցն այն է, որ ՀՀԿ-ից բացի, ըստ էության, ընտրություններին ոչ ոք չէր պատրաստվում», - ասաց Գառնիկ Իսագուլյանը։
Նա նշեց, որ Հանրապետական կուսակցությունը հաղթեց ընտրություններում եռաշերտ աշխատանքի շնորհիվ. «Առաջին շերտն անհատ թեկնածուներն էին, երկրորդը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, երրորդը՝ նախագահ Սերժ Սարգսյանի անհատական աշխատանքը 13 ընտրատարածքներում գրանցված բոլոր թեկնածուների հետ։ Միգուցե այդ փաստն անհայտ է, բայց Սերժ Սարգսյանն անձամբ հանդիպել է առաջադրված բոլոր թեկնածուների հետ», - ասաց Իսագուլյանը։
Դիտարկմանը, թե ինչպե՞ս է ժողովուրդն ընտրել ՀՀԿ-ին, եթե չի սիրում այդ կուսակցությանը, Գ. Իսագուլյանը պատասխանեց. «Չսիրել չի նշանակում ձայն չտալ։ Սիրելն, առհասարակ, քաղաքական կատեգորիա չէ»։