26/04/2017 20:29
Էր Ռիադը հանդես է գալիս Սիրիայի միասնականության օգտին
Սաուդյան Արաբիան հանդես է գալիս հօգուտ Սիրիայի միասնականության և ՄԱԿ-ի ԱԽ 2254 բանաձևի իրականացման։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարար Ադել էլ-Ջուբեյրը՝ ամփոփելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները, փոխանցում է ТАСС-ը:
«Ինչ վերաբերում է Սիրիային, մենք քննարկել ենք այդ երկրի միասնականության պահպանման, քաղաքական լուծում ձեռք բերելու անհրաժշտությունը՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար։ Այդ որոշումը պետք է հենվի Ժնև-1-ի և ՄԱԿ-ի ԱԽ 2254 բանաձևի վրա», - նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան սիրիական ընդդիմության հետ աշխատում է Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Բացի այդ, Սաուդյան Արաբիան կողմ է Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառության հետաքննությանը, նշել է նախարարը։
Էլ-Ջուբեյրը նաև նշել է, որ «Հըզբոլլահ»-ը Սիրիայում տեղ չունի և Էր Ռիադը ցանկանում է վերջ դնել տարածաշրջանի գործերին Իրանի միջամտությանը։