26/04/2017 15:24
Էրդողան. Թուրքիան չի ճանաչելու ԵԽԽՎ-ի որոշումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ճանաչելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Թուրքիային մոնիթորինգի տակ առնելու որոշումը: Այս մասին նախագահն ասել է Reuters-ին տված հարցազրույցում:
Էրդողանը քննադատել է այն երկրներին, որոնք կոչ են անում վերջ տալ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին:
«Քանի դեռ Եվրոպան անկեղծ կլինի, Թուրքիան հավատարիմ կմնա բանակցային գործընթացին և, ի տարբերություն ԵՄ-ի, ոչ մեկի դեմքին դուռը չի փակի», - ասել է նա:
Էրդողանը հայտնել է նաև, որ եթե գործընթացն ավելի ձգձգվի, իրենք չեն հապաղի Եվրամիությանը երկրի անդամակցության հարցը տանել հանրաքվեի:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև սահմանադրական հանրաքվեին` ասելով, որ Սահմանադրական դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավունք չունեն գնահատական տալու հանրաքվեի արդյունքներին: