26/04/2017 12:18
Ընտանիքում չկա խիստ ընդգծված ճնշում՝ տղա երեխային նախապատվություն տալու առումով. Արտակ Սաղաթելյան
«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ամփոփիչ համաժողովի ժամանակ «Մարքետ Ռիսըրչ էնդ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արտակ Սաղաթելյանը ներկայացրեց 2016 թվականի վերջին և 2017 թվականի սկզբին իրականացված հետազոտության արդյունքները։
Նա նշեց, որ հետազոտության նպատակն է եղել պարզել Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տարածվածությունը, ինչպես նաև դրա հիմնական պատճառները։
«Հետազոտությունն իրականացվել է 1919 տնային տնտեսություններում, իրականացվել է 18-49 տարեկան արտադրողական տարիքի կանանց շրջանում», - ասաց նա։
Արտակ Սաղաթելյանի խոսքով՝ իրենք եղել են 34 քաղաքում և 56 գյուղում։
«Հարցված կանանց 56,3%-ի շրջապատում և 82%-ի ընտանիքում տղա-աղջիկ երեխաների նախապատվությունը բաշխված է հավասարապես։ Կանանց մյուս մասը նշում է, թե իր շրջապատում տղա երեխան աղջկանից վեցապատիկ ավելի նախընտրելի է (36,7% 6,2%-ի համեմատ) և կրկնակի ավելի՝ ընտանիքում (12,9% 5,2%-ի համեմատ)», - նշեց նա։
Ա. Սաղաթելյանն ընդգծեց, որ առաջին հղիության ժամանակ տղա երեխա ունենալ ցանկացող կանայք շուրջ երկու անգամ գերազանցում են աղջիկ ցանկացողների թվին (31,5%-` 16,1%-ի համեմատ)։
Բանախոսը նշեց, որ հղիության դեպքերը նվազել են, իսկ հղիության ընդհատման ՝ օրենքով թույլատրելի ժամկետների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձր է:
«Հասարակությունում և, հատկապես, ընտանիքում չկա խիստ ընդգծված ճնշում՝ տղա երեխային նախապատվություն տալու առումով»,-Ա. Սաղաթելյանի խոսքով՝ նման եզրակացության են եկել հետազոտությունից հետո։