26/04/2017 18:26
Մինչ արցախյան կողմը չմասնակցի բանակցություններին, ակնկալիքներ չունեմ. Թևան Պողոսյանը` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին
Քաղաքական հանդիպումներն ինչ-որ չափով մեղմացնում են սահմանին տեղի ունեցող «բանակցությունները», եթե չեն բանակցում դիվանագետները, «բանակցում են» մեր զինվորները, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն, ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Զինվորների բանակցությունները տեղի են ունենում փամփուշտներով, ականանետերով, այլ տեսակի զենքերով: Երբ դիվանագետներն են բանակցում, դա առնվազն սեղանի շուրջ է ու տա Աստված` ամեն օր բանակցեն, բայց նման հանդիպումներից ես ակնկալիք կունենամ, երբ մենք տեղեկանանք, որ հանդիպում է տեղի ունենալու աշխարհի որևէ երկրի մայրաքաղաքում ու դրան մասնակցելու է նաև Արցախի արտաքին գործերի նախարարը կամ նախագահը: Մինչ արցախյան կողմը չմասնակցի բանակցություններին, ես ակնկալիքներ չունեմ», - ասաց Թևան Պողոսյանը:
Անդրադառնալով քաղաքական հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի կողմից բնականոն դարձած սահմանային իրավիճակի լարմանը՝ Թևան Պողոսյանն ընդգծեց, որ «եթե գիտենք նրանց պահվածքը, պետք է պատրաստվենք»:
«Եթե մենք գիտենք այս ամեն ինչը, պետք է պատրաստվենք դրան: Միգուցե, ինքներս այնպիսի կանխարգելիչ կամ պատժիչ գործողություն անենք, որ Ադրբեջանը չիմանա՝ այդ բանակցությունների օրն ինչ անի», - ասաց պատգամավորը: