26/04/2017 13:50
Քվեաթերթիկը ընտրատեղամասից դուրս հանելը չի կարող որակվել որպես քվեարկության գաղտնիության խախտում. ԿԸՀ նախագահ
Նոր Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն՝ քվեաթերթիկը հատուկ հաշվառման փաստաթուղթ չի համարվում, ուստի ընտրատեղամասից դրանց դուրս հանելը որևէ իրավական հետևանքի չի կարող հանգեցնել, Սահմանադրական դատարանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Դա անգամ չի կարող որակվել որպես քվեարկության գաղտնիության խախտում, որովհետև որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ քվեաթերթիկներ են դուրս բերվել՝ ընտրողին տրամադրված քվեաթերթիկներ, թե քվեաթերթիկների տուփից հանված քվեաթերթիկներ», - ասաց Տ.Մուկուչյանը:
Անդրադառնալով դաշինքի դիմումում քվեաթերթիկների ներս ու դուրս բերման շուրջ 70 փորձի արձանագրմանը՝ Մուկուչյանը նշեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հոլովակ էր պատրաստել այն մասին, թե ինչպես կարելի է խաբել մարդկանց, որոնք ստիպում են գնալ ու քվերակել սեփական կամքին հակառակ:
«Երբ ձեռք է տալիս վկայակոչում են, երբ ձեռք չի տալիս չեն վկայակոչում: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսահոլովակ է պատրաստել, թե ինչպես կարելի է խաբելու եղանակով քվեախցում փոխել քվեաթերթիկները և ինչ եղանակով դրանք դուրս բերել: Տարբեր նախաձեռնություններ ու կուսակցություններ սրան չանդրադարձան: Մինչև օրս որևէ մեկն ինչո՞ւ այդ գործընթացի մասին չի բարձրաձայնել, ինչո՞ւ չի ասել, որ դա հակասում էր օրենքին» - նշեց նա: