26/04/2017 12:00
ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը՝ «Վերածնունդ» փառատոնի հաղթող
Ապրիլի 19-ից մայիսի 30-ը Գյումրիում անցկացվում է «Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնը, որի «Զինվորական նվագախումբ» անվանակարգում 1-ին մրցանակի է արժանացել ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը` գլխավոր դիրիժոր, փ/ծ գնդապետ Մանվել Ութուջյանի ղեկավարությամբ:
Փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության զարգացումը, հաստատել նոր ստեղծագործական կապեր և ներկայացնել հայ մշակույթը:
Այս տարի մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 3000 անհատ կատարող և համույթ` 35 երկրից: Մրցույթն անցկացվում է 5 տարիքային խմբով և ունի 19 անվանակարգ:
ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը փառատոնին ներկայացրել է բազմաժանր ծրագիր` կազմված հայկական և արտասահմանյան դասական, ժողովրդական, զինվորական և էստրադային ոճի ստեղծագործություններից (Կ. Օրբելյանի մշակմամբ «Հայկական ռապսոդիա», Ն. Ռիմսկի-Կորսակովի «Իշամեղվի թռիչքը», «Ջամայկա», Ա. Բաբաջանյանի «Երևան-Մոսկվա», Տ. Կառվարենցի և Շ. Ազնավուրի «Քեզ` Հայաստան», զինվորական քայլերգ և այլն):
Փառատոնի մասնակիցներին գնահատելու համար հրավիրվել է բարձր պրոֆեսիանալիզմ ունեցող ժյուրի: Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված է արվեստի ճանաչված 72 գործիչ աշխարհի 14 երկրից:
Փառատոնի կազմակերպիչներն են «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: