26/04/2017 09:38
ՀՅԴ-ից ԱԺ փոխնախագահի հավանական թեկնածուն Աղվան Վարդանյանն է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի ՀՀԿ-ական աղբյուրները տեղեկացրել են, որ ոչ առաջիկա, ոչ էլ հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ԳՄ նիստերում չի քննարկվի ԱԺ ապագա պորտֆելների հարցը. «Ինչպես նախորդ ԱԺ գումարումներին, այս անգամ ևս 3, մաքսիմում 4 օր առաջ կասվի, թե ովքեր կլինեն ԱԺ նախագահն ու փոխնախագահները»: Ի դեպ, արդեն երկրորդ ԳՄ-ն է, ինչ ԱԺ նախագահի պոտենցիալ թեկնածու Կարեն Կարապետյանը չի մասնակցում այդ նիստերին։
«Հայաստանում չէ, կգա թերևս այդ օրերին», - տեղեկացրել է նույն աղբյուրը:
Ինչ վերաբերում է փոխնախագահներին, ապա կոալիցիոն օրակարգում է մեկ թեկնածու ՀՀԿ-ից, մեկը` ՀՅԴ-ից. «ՀՅԴ-ից ամենահավանական թեկնածուն Աղվան Վարդանյանն է, իհարկե, կարելի էր կարծել, որ Արմեն Ռուստամյանն է լինելու՝ որպես ՀՅԴ ցուցակը ղեկավարող, բայց, ինչպես կատակում ենք պառլամենտում, Արմենի փողկապն ու կոստյումը միշտ պատրաստ են ԵԽԽՎ նիստերի մեկնելու համար. սիրում է «պոեզդկաներ», ինքն էլ հրաժարվում է և՛ գործադիր, և՛ օրենսդիր պաշտոններից, ուստի ՀՅԴ-ին փոխնախագահի պորտֆել տրվելու դեպքում այն կստանձնի Աղվան Վարդանյանը: Ինչ վերաբերում է մինչ այս շրջանառվող Արծվիկ Մինասյանի թեկնածությանը, ապա նա իրեն այլևս գործադիրում է տեսնում և նախընտրում է հեռվից «կարոտել» պառլամենտը»: