26/04/2017 14:20
Ճապոնիայում նախարարը հրաժարական է տվել՝ անփույթ արտահայտության համար
Տարերային աղետի հետևանքների վերկանգնման հարցերով նախարար Մասահիրո Իմամուրան հրաժարական է ներկայացրել Ճապոնիայի վարչապետին, որն ընդունվել է, փոխանցում է РИА Новости-ն:
Երեքշաբթի հանդես գալով միջոցառման ժամանակ՝ նախարարը 2011 թվականին ցունամիից տուժածների հասցեին ոչ միանշանակ արտահայտություն է թույլ տվել: Նա ասել է, որ 2011-ին աղետի վնասի չափը գնահատվել է 25 տրիլիոն իեն (մոտ 227 մլրդ դոլար):
Միաժամանակ, նա ավելացրել է, որ «լավ է, որ դա տեղի է ունեցել Տոհոկուում, քանի որ մայրաքաղաքին մոտ վնասի չափերը հսկայական կլինեին»: Սա տարակուսանք է առաջացրել հանրության և ընդդիմության շրջանում և դիտվել որպես անփույթ վերաբերմունք աղետից տուժած և մոտ 20 հազար զոհ ունեցած շրջանի բնակչության նկատմամբ:
Նախարարից հետո ելույթ ունենալով՝ վարչապետ Սինդզո Աբեն ներողություն է խնդրել Իմամուրայի խոսքերի համար, «որոնք կարող էին վիրավորել Տոհոկուի բնակիչներին»: